Շուկայում հայտնվել են ՊՆ, վաճառքի ոչ ենթական օճառներ․ Քաղաքացին ահազանգում է
Շուկայում հայտնվել են ՊՆ, վաճառքի ոչ ենթական օճառներ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Անահիտ Սիմոնյանը։
«Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել:
Գետինը մտեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք: Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի: Այսպիսի մտածելակերպով անձանց միայն գերեզմանը կփրկի:
Գյումրու շուկան է, օճառներ են վաճառում, հատն արժե 100 դրամ: Դրանց վրա նշված է ՊՆ: Ախր մենք մեծ գումարներ էլ չունենք, որ տրամադրենք բանակին և ոմանք այսպես են վարվում: ԶԼՄ-ները կարող են գնալ և նկարահանել, քանի դեռ ուշ չէ, վաճառողը կարող է գլխի ընկնել, վաղն այլեւս չհանի վաճառքի:
Գյումրու շուկայում, «Կառոնա» սուպերմարկետից վերև բացօթյա վաճառվում է: Վաճառողը մի տարեց մարդ էր, հարցրեցի, Պաշտպանության նախարարությանն է, վաճառքի ենթակա է, ասաց այո, սակայն ես հասկացա, որ վաճառքի ենթակա չէ, ուստի չգնեցի:
ՀԳ.Վստահ եմ, ոմանք էլ նկատած կլինեն ու իրենց սովորության համաձայն «շառից, փորձանքից» հեռու մնալու համար ձայն չեն հանել»:
ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչությունը պարզում է, թե ինչպես է բանակի կարիքների համար նախատեսված ու վաճառքի ոչ ենթական օճառը հայտնվել Գյումրու շուկայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։