Քաղաքականություն

«Մեր շնորհքը ու լուման շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն, իր ապաշնորհ կառավարման պատճառով ծագած երկրի իրական խնդիրները թողած, երեկ գոհունակությամբ նշել է, որ այս տարվա ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել:

Առաջին հայացքից այս արձանագրումը կարող էր պատեհ թվալ, սակայն իրականում այն ոչ մի կապ չունի հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

2017-ի ընտրությունները նույնպես վիճարկելի չէին, այն աստիճանի հստակ էին ու անառարկելի, որ ԵԼՔ դաշինքը ընդունեց դրանց արդյունքները, իսկ ՍԴ դիմած ՀԱԿ-ը այդ քայլին գնացել էր պարզապես քաղաքական վրեժխնդրության պատճառով, հավաքելով ընդամենը 1.65% ձայն և չունենանլով նրանք վիճարկելու ոչ մի իրական հիմք: 
Փաստացի ՀԱԿ-ը դիմել էր ՍԴ “փչացնելու” համար 2017-ի խորհրդարանական ընտրությունները։

2018-ի ընտրությունները աչքի ընկան իշխանական ռեսուրսի օգտագործման, վարչական լծակների կիրառման, ուժայինների միջամտության, ընտրական օրենսդրության խախտման մամուլում հրապարակված բազմաթիվ ահազանգերով և դեպքերով: Մեր կողմից ՍԴ չդիմելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես անթերի և երանելի ընտրական գործընթացի արձանագրում: Դա իրականում երկրի առջև վերջին ամիսներին ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների գիտակցմամբ արժանապատիվ և պետականամետ որոշում էր: Մե’նք որոշեցինք “չմխտռել“ ընտրությիւնները։

Ով ով, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչպես են իրականում անցել դրանք: Ասեմ ավելին, Հայաստանում հերթական և անխուսափելի իշխանափոխությունից հետո շատ արագ հանրային սեփականություն կդառնան այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած և արդյունքների վրա ազդած հարյուրավոր զարհուրելի փաստեր, չէ որ դրանք կատարվել են հազարավոր մարդկանց վկայությամբ և մասնակցությամբ, որոնք այսօր գուցե վախենում են խոսել, բայց վաղն իրենց պարտքն են համարելու թոթափել իրենց խիղճը տանջող այդ բեռը և բարձրաձայն պատմել իրականությունը:

Ուստի այս ընտրությունները ՍԴ-ում չվիճարկվող առաջին ընտրություններ դիտարկելու մեջ մեր շնորհքը ու լուման շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»:

Կիսվել