Ինչո՞ւ «Հաց բերողի» դիահերձումն այդքան արագ իրականացվեց «Առավոտ»
Ինչո՞ւ «Հաց բերողի» դիահերձումն այդքան արագ իրականացվեց «Առավոտ»
Aravot.am-ը դատական բժշկության եւ իրավունքի ճանաչված մասնագետներից, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում, հետաքրքրվեց՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը հապշտապ իրականացնելու, քանի որ ինչպես Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էր ասել, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, որովհետեւ այն պետք է իրականացվեր մահից 12 ժամ հետո և ոչ ուշ, քան 48 ժամ անց, այլապես դա կբերեր հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:
«Կա համապատասխան գրականություն, մարդկանց, փարավոնների գեներն ինչպե՞ս են որոշում, սպիտակուցներով են որոշում, չէ՞…Ի վերջո սառնարաններ ունենք, որոնք ապահովում են համապատասխան պայմաններ, ինչի համար տարիներ առաջ բյուջեից բավականին գումար է ծախսվել…Այո, 12 ժամից շուտ չի թույլատրվում դիահերձումը, թեեւ բացառիկ դեպքերում կարելի է անել:
Ժամանակին մամոնտի դիակ հանեցին, քանի՜ տարի էր մնացել: Ուզում եմ նշել, որ եթե համապատասխան պայմաններ են լինում, դիակը կարող է երկար պահպանվել »,-շեշտեց մասնագետներից մեկը: Նաեւ հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս այլ մասնագետներ չէին կարող մասնակցել հանձնաժողովային փորձաքննությանը, ինչպես նշել էր Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը՝ ասելով, որ խնդիրն իրենց դաշտից դուրս է, եւ իրավապահներն են պատվիրում փորձաքննություն ու որոշում՝ մասնակիցներին:
«Քննիչը որոշում է կայացնում՝ կատարել հանձնաժողովային փորձաքննություն՝ ներգրավելով մասնագետներ այսինչին ու այնինչին, բայց հիմնարկի պետն էլ իրավունք ունի Քրեական դատավարության օրենսգրքի 245 հոդվածի 2-րդ մասով նշանակել հանձնաժողովային փորձաքննություն:
Ընդ որում, ըստ ՔՐ.ՕՐ-ի այդ հոդվածի նշված կետի համաձայն, հանձնաժողովային փորձաքննություն կատարելու մասին որոշումը պարտադիր է փորձագիտական հիմնարկի ղեկավարի համար: Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին՝ առանց հանձնաժողովային փորձաքննության պահանջի, ապա նրա ղեկավարն իրավասու է կազմակերպել հանձնաժողովային փորձաքննության կատարումը:
Դա գլխավոր մասնագետի իրավունքն է»,-նշեց մեր զրուցակիցը: Aravot.am-ը կապվեց նաեւ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանի հետ եւ նրանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ գտնվելով նույն շենքում, չի մասնակցել Արթուր Սարգսյանի դիահերձմանը, որին ընդամենը 2-3 դատական բժիշկ է ներգրավված եղել: Ի պատասխան, պարոն Բիշարյանն ասաց, որ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, եթե դրանք ուղարկվեն նախաքննական մարմնի միջոցով: