ՄշակույթՇոու-բիզնես

«Ես գիտեմ՝ հիմա ինչ-որ տեղ ծիծաղում ես հորս, հորաքրոջս, Ժորժի և մյուսների հետ, ում սիրում էիր»․Շառլ Ազնավուրի թոռը՝ պապի մասին

Շառլ Ազնավուրի թոռը  հուզիչ նամակով դիմել է իր պապին․

«Մեծանալով որպես ամերիկացի երեխա՝ շատ բան չեմ իմացել պապիս կարիերայի մասին: Հաճախ ինքս ինձ հարց եմ տվել՝ ինչո՞ւ չէի կարող նրան տեսնել այնքան, որքան կցանկանայի, և դա ինձ շատ էր տխրեցնում: Ինձ համար նա իմ Պապին էր: Ժամանակի ընթացքում վերջապես հասկացա, թե ով է այդ մարդը: Ես գիտակցեցի, որ նա աշխատում է իր ընտանիքի համար, փորձում է հավասարություն հաստատել աշխարհում: Նա մեկն էր, ով երգել է աշխարհի շատ լեզուներով և ազդել շատ մարդկանց ու շատ մշակույթների վրա…Մեկը, ում համար կապ չունեին, թե դու ինչ կրոնի, սեռի, նախասիրության, էթնիկ ծագման ես…Մեկը, ով հաճախ խրախուսում էր բազմազանությունն հենց իր ընտանիքում:

Շառլ Ազնավուրը ծնվեց որպես Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Նրա կարիերան տևեց շուրջ 80 տարի՝ 9 լեզուներով կատարված 1,200 երգերով: Նա օգնեց հայերին, ֆրանսիացիներին, հրեաներին և շատ ուրիշներին, սակայն նա պարզապես իմ Պապին էր: Երկուշաբթի մենք կորցրեցինք այդ հրաշալի մարդուն: Իմ սրտի մի մասը կոտրված է իմ կորստի համար, իսկ մյուս մասը՝ աշխարհի կորստի համար: Ժամանակն ամեն բան բուժում է, և ես պարզապես փորձում եմ աջակցել իմ ընտանիքն: Իմ Պապը քարոզում էր ընտանիքի կարևորությունը: Չեմ կարող փոխանցել, թե որքան երախտապարտ է իմ ընտանիքը Ձեր նամակների, զանգերի համար: Նման աջակցությունը շատ է օգնում: Նա հաճախ ասում էր. «Կարևոր չէ, թե մարդիկ հիշում են ինձ, կարևոր է, որ նրանք հիշեն իմ գործը»: Մենք կհիշենք երկուսն էլ, սիրելի Պապի: Ես կանեմ ամեն հնարավորին բան քո արածը շարունակելու համար: Ես գիտեմ՝ հիմա ինչ-որ տեղ ծիծաղում ես հորս, հորաքրոջս, Ժորժի և մյուսների հետ, ում սիրում էիր: Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ պապիկ, մինչ հանդիպում»:

Կիսվել