Ազնավուրը հետմահու իրականացրեց դեռևս չսկսված ֆրանկոֆոնիայի ամենաբարձր նպատակը՝ այսօր բոլորս սիրեցինք Ֆրանսիան
Կարեն Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճիշտը որ ասեմ, ես չափազանց ուրախ եմ, որ այս փառահեղ ու անմոռանալի արարողությունը տեղի ունեցավ ոչ թե Երևանում, այլ Փարիզում, ինչը առիթ հանդիսացավ որպեսզի «պիղծ Եվրոպա» աղաղակների և «մեր» «մենք» «մեզ» կրծքազարկերի մեջ մի պահ անձայն գամվենք էկրաններին ու տեսնենք, թե ինչպես կարելի է մաքսիմալ զուսպ ու ասկետիկ ձևաչափում ստեղծել հոգեցունց ու սրտատրոփ մի վերջին «հրաժեշտի ներկայացում», որտեղ մի սավան դրոշը,մի համեստ փունջը, փայտե պատգարակն ու հատակի կիսաստվերը ավելի շքեղ էին, քան բոլոր «Էրեբունի-Երևանները» միասին վերցված…երբ Օլանդն ու Սարկոզին «ձախ» ու «աջ» էին ոչ թե քաղաքական անհաշտ հայացքներով, այլ կողք կողքի կանգնած լինելով, երբ Մակրոնն իր ճառի մի մեծ հատվածը հյուրընկալորեն նվիրեց Հայաստանին, վերջում միայն մեկ, բայց ամենափշաքաղեցնող տողով մեղմ կիսաձայնով փորագրելով՝ «Ֆրանսիայում պոետները չեն մեռնում…»:
Ազնավուրը հետմահու իրականացրեց դեռևս չսկսված ֆրանկոֆոնիայի ամենաբարձր նպատակը՝ առնվազն այսօր բոլորս սիրեցինք Ֆրանսիան:
Անմահ մնաս, երկսիրտ Ազնավուր, մենք հաստատ ավելի վատը չենք, բայց հաստատ դեռ շատ բան ունենք սովորելու քո երկրորդ, եթե ոչ՝ առաջին Հայրենիքից…»