ՀՀ քաղաքացիների հետ, վարչապետի առաջնորդությամբ կստանձնենք իշխանությունը և կչեզոքացնենք պետականության դեմ այս մարտահրավերը․ Ժ․ Սեֆիլյան
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժ. Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համակարգ փոխելու և ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետևյալ գործողությունները.
1- հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին,
2- հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաև օրենսդիր գործառույթ,
3- ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը,
4- գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին և հեղափոխության նպատակներին,
5- ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք գործի որպես երդվյալ ատենակալների իրավարար դատարան և ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու և պատիժներ սահմանելու համար,
6- կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձևով և համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ Վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը և, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը»։