Սաշիկ-Լևոնից հետո կհասնեն Վովային ու Սեյրանին, վերջում էլ, որպես «դեսերտ»՝ Սերժին ու Ռոբերտին
Hraparak.am– ը գրում է․ «Նոր կառավարությունը, փաստորեն, արագ գտավ իշխելու օպտիմալ բանաձևը՝ մոռանալով «վենդետաներ ու կադրային ջարդ չի լինելու» խոստումը։ Ամեն օր մի գող-ավազակի, մի օլիգարխի կամ նրա թիկնապահի են բռնում, քրեական գործ հարուցում, հեռուստացույցով ցույց տալիս, և մարդիկ գոհ են ու երջանիկ։ Ոչինչ, որ բռնվածների մի մասին հետո բաց են թողնում, կամ՝ հարուցված քրեական գործերը հիմնովին ուսումնասիրելիս պարզվում է, որ մանր-մունր հանցանքներ են, կամ՝ ոչ մեծ գումարների յուրացման մասին է խոսքը։ Կարևորը՝ շարժումն է, ընթացքը։ Իսկ ընթացը հրաշալի է․ տեսարաններից զմայլված «հանդիսատեսը» բոլորովին մոռացել է աշխատավարձերի ու թոշակների, աշխատատեղերի ու կենսամակարդակի, արտաքին պարտքի ու տնտեսական աճի, Ղարաբաղի ու սահմանների, եվրոպական ինտեգրացիայի ու ԵԱՏՄ-ի, ամեն ինչի մասին։ Եվ սա այն է, ինչ այս պահին հարկավոր է գործող իշխանություններին։
Բայց անգամ եթե այս տեսարանները մեր սրտին մի մատ յուղ են դնում և մոռացնում սովն ու կարիքը, դրանք չեն կարող հավերժ շարունակվել։ Նախ, քանի որ բռնելու ենթակա մարդիկ անսպառ չեն։ Հետո՝ ամեն անգամ պետք է «դոզան» ավելացնել՝ այնպես, ինչպես «ասեղի» վրա նստած թմրամոլն է ամեն անգամ մի քիչ դոզան ավելացնում, որ «կայֆը» չպակասի։ Եթե այսօր Սաշիկ-Լեւոն են բռնում, վաղը, ասենք, հասնեն՝ Վովային ու Սեյրանին, վերջում էլ՝ որպես «դեսերտ»՝ Սերժին ու Ռոբերտին տանեն, գուցե մի քանի ամիս «դոզան» բավարար լինի։ Բայց չէ որ ընտրություններին մոտ մեկ տարի դեռ կա։ Այս հարցում շտապող իշխանությունը կարծես թե անզոր է՝ Վենետիկի հանձնաժողովը բավականին կոշտ պայման է դրել, որ Ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո առնվազն կես տարի պետք է ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որ հասցնեն պատրաստվել ԱԺ ընտրություններին։ Եվ ոզնուն էլ հասկանալի է, որ այս «տեսարանները» պետք է շարունակվեն մինչեւ գարուն՝ մինչեւ ԱԺ ընտրություններ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը՝ որպես «կոռուպցիայի դեմ դաժան պայքար» հայտարարած թիմ ամրագրի իր հաղթանակը ընտրություններում՝ ծանրակշիռ քվեների տեսքով»։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ Hraparak.am