Դեսպանը ՀՀԿ-ական իշխանավորներին օգնել է ձեռքբերել անշարժ գույք Պրահայում, Կառլովի Վարիում
Armtimes.com-ը գրում է․ Հայտնի է, որ նախկին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից վարած արտաքին քաղաքականությունը հար և նման էր նախագահ Սերժ Սարգսյանի կատարած բացառիկ ազգադավ աշխատանքներին: Ժամանակին Էդուարդ Նալբանդյանի գործունեությունը մենք անվանեցինք «դիվանագիտական զբոսաշրջություն»:
Նրա կողմից իրականացված հակաազգային գործունեությունը դեռևս իր արժանի գնահատականը չի ստացել: ԵՀՄՖ-ի բացառիկ լարված աշխատանքի արդյունքում ազերի մարդասպան Սաֆարովը ստացավ ցմահ բանտարկություն՝ 30 տարի առանց ներման իրավունքի, իսկ այդ «զբոսաշրջիկի» արտասահմանյան ուղևորությունների ընթացքում 5 տարի պատիժը կրելուց հետո մարդասպանն ազատ արձակվեց: Սա, այսպես կոչված, նախարարի խայտառակ թողտվության հետևանք էր:
Այս մասին ասված է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայտարարության մեջ: «Անցյալ տարի սեպտեմբերին ԵՀՄՖ-ը հայտարարեց, որ գրանցվել է ապօրինի ճանապարհով Ադրբեջանին չեխական և սլովակյան արտադրության զենքի անօրինական վաճառքի ու մատակարարման խայտառակ փաստ: Մեր հայտարարությունը դարձավ «ձայն բարբառո հանապատի»:
Չեխիայում և Սլովակիայում, այսպես կոչված, ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն իր արհեստավարժությամբ և ակտիվությամբ տասնապատիկ զիջում է Չեխիայում Ադրբեջանի դեսպանին: Այս հայ «դեսպանը» հայտնի է իր հմուտ առեւտրականի կերպարով. պարոնն օգնել է բոլոր ՀՀԿ-ական իշխանավորներին՝ ձեռքբերել անշարժ գույք Պրահայում, Կառլովի Վարիում, հանգստանալ թանկարժեք հանգստյան տներում և մատուցել այլ ծառայություններ:
Բնական է, որ ժամանակ չի ունեցել իր հիմնական գործով զբաղվելու համար: Ասենք ավելին՝ նա Չեխիայի ու Սլովակիայի համայնքներում ստեղծել է իր և ՀՀԿ-ին հարող իշխանամետ խմբեր՝ բաղկացած խարդավանքներով հայտնի անձանցից ու պայքարել իսկապես ազգասեր ու երկրին նվիրված առաջնորդների դեմ՝ առանձնապես չտարակուսելով այդ պայքարի ճանապարհների ընտրության հարցում:
Գաղտնիք չէ, որ դեսպանների մի մասը ոչ միայն իրենց անձնական շահից այն կողմ ոչինչ չեն տեսել և արել, այլ դիվանագիտական կրթություն չունեն: Ավելին՝ նրանք գործարարներ, բիզնեսի աշխարհի ներկայացուցիչներ, առևտրականներ են և դեսպանի պաշտոն ստացել են Սերժ Սարգսյանին մատուցած ծառայությունների համար: Այդ կարգի դեսպանիկներ շատ կան և կարելի է մի ամբողջ ցուցակ ներկայացնել: Իհարկե, կան նաև փոքրաթիվ փայլուն դիվանագետներ, ովքեր հայտնի են իրենց արհեստավարժ գործունեությամբ:
Կարծում ենք, որ վարչապետ Փաշինյանը պետք է օր առաջ արձագանքի մեր այս հայտարարությանը և օր առաջ ազատի մեր երկիրն այս ավելորդ բալաստից: Նաև ակնկալում ենք ՀՀ ԱԳ նախարարի կողմից արտերկրում հայտնի հայկական կառույցների հետ համագործակցության զարգացում: Նախկին վարչախմբի կողմից այդ աշխատանքները զրոյացվել էին և մի շարք հայանպաստ գործով զբաղվող լոբբիստներ ու կազմակերպություններ, որոնք պայքարում են ազերիների ու թուրքերի դեմ, մեկուսացվել էին նախկին նախարարի կողմից: Հուսով ենք, որ և՛ վարչապետը և՛ ԱԳ նախարարը հաշվի կառնեն ասվածը»,- ասված է հայտարարության մեջ:
Աղբյուր՝ armtimes.com