Վանաձորում բեռնատարը ջարդել է 15-ից ավելի ավտոմեքենա․ կա 5 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ, արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է մի քանի ընթացքում երթևեկող և կայանված տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած 3 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներ։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև շտապօգնության ժամանումը վիրավորներից մի քանիսին օգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում եղած դեղատուփ մեջ պահվող բժշկական պարագաները։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Արտակարգ ռեժիմով են աշխատում «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի։





