«Մեր տան վերջին լույսը միշտ տատիկիս սենյակում է մարում»․ Ծառուկյանի դստեր հուզիչ տեսանյութը՝ տատիկի տարեդարձի առթիվ
Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտը, տատիկի տարեդարձի առթիվ հուզիչ գրառում և տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով նրա մասին ջերմ հիշողություններով։
Տատիկս բացառիկ կին է։
Նա այն հազվագյուտ մարդկանցից է, որոնց մեջ զարմանալի ներդաշնակությամբ միավորվում են ուժն ու քնքշությունը, հաստատակամությունն ու նրբազգացությունը։
Նրա մեջ կյանքի հանդեպ անսպառ սեր կա։ Նա սիրում է աշխատել, ստեղծել ու անընդհատ սովորել։ Բայց նույնքան մեծ սիրով նվիրված է իր տանն ու ընտանիքին։ Զարմանալի է, թե ինչպես կարող է մարդը միաժամանակ այդքան հաջողակ լինել իր մասնագիտական կյանքում և այդքան հոգատար՝ ընտանիքում։ Լինել իր աշխատանքին նվիրված կին, բայց նաև հրաշալի տնային տնտեսուհի, որի ձեռքով պատրաստված ամեն ինչ առանձնահատուկ համ ունի։
Եվ հենց այս հակադրությունների ներդաշնակությունն է նրան այդքան բացառիկ դարձնում։
Ասում են՝ մարդու էությունը ձևավորվում է մանկուց։ Իսկ ես կարծում եմ՝ մեր էության մի կարևոր մասը ձևավորվում է այն մարդկանց շնորհիվ, որոնց կողքին մեծանում ենք։
Մանկուց տեսել եմ, թե ինչպես է տատիկս լուռ աղոթում իր ընտանիքի համար։
Տեսել եմ, թե ինչպես է ժամերով ասեղնագործում, և մենք հաճախ մտածում էինք, թե նա պարզապես չի սիրում քնել:
Բայց տարիների ընթացքում հասկացանք, որ նա սպասում էր, մինչև ընտանիքի բոլոր անդամները տուն վերադառնան։ Եվ երբ համոզվում էր, որ բոլորը տանն են, հանգիստ պառկում էր քնելու։
Մեր տան վերջին լույսը միշտ տատիկիս սենյակում է մարում:
Տեսանյութը ստորև․


