Ողբերգական վթար Պռոշյանում․ 18-ամյա աղջիկը տեղում մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ երկու հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կողաշրջված ավտոմեքենան դարձի են բերել։
Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը 18-ամյա աղջիկ է։


