Մամուլ

Իրինա Մկրտչյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին

Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին և կից գրել․

Հարգելի քաղաքացիներ, նախևառաջ ուզում եմ անկեղծորեն ներողություն խնդրել երաժշտական դպրոցի սաներից և նրանց ծնողներից՝ իմ անձնական կյանքին վերաբերող այս տհաճ պատմության և ստեղծված իրավիճակի համար։

Հրապարակված տեսանյութը նկարահանվել է մոտ 8-9 տարի առաջ՝ ամուսնության ընթացքում, նախկին ամուսնուս՝ Աշոտ Սամվելի Մկրտչյանի հեռախոսով։

Մենք ամուսնալուծվել ենք 2024թ․ հունվարին, ինչից հետո սկսվել է իմ նկատմամբ շարունակական հետապնդումների, հոգեբանական ու ֆիզիկական բռնության և շանտաժի մի ծանր շրջան։ Նա սպառնում էր հրապարակել այս տեսանյութը՝ պահանջելով հրաժարվել համատեղ ձեռք բերված գույքի իմ մասնաբաժնից։

Տեսանյութի հրապարակումն ու դրան տրված մեկնաբանությունները բացառապես նպատակ են ունեցել ինձ վախեցնելու, վարկաբեկելու և դատական վեճերում առավելություն ստանալու։ Ես չեմ ենթարկվել սպառնալիքներին, և արդյունքում դատարանով նախկին ամուսինս պարտավորվել է վճարել ինձ հասանելիք փոխհատուցումը։ Այս քայլը նրա կողմից պարզ վրեժխնդրություն է և խոստացված շորթման շարունակությունը։

Երկար ժամանակ ես լռել եմ և չեմ դիմել իրավապահներին՝ մտածելով միայն մեր համատեղ երեխաների ապագայի ու հանգստության մասին։ Սակայն այս իրավիճակում այլևս չեմ կարող լռել. անցյալում և ներկայում տեղի ունեցած բոլոր դեպքերի վերաբերյալ՝ համապատասխան ապացույցներով հանդերձ, հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին։

Խնդրում և հորդորում եմ բոլոր քաղաքացիներին ու լրատվամիջոցներին զերծ մնալ այս տեսանյութը տարածելուց կամ վերահրապարակելուց։ Այն վերաբերում է իմ անձնական կյանքին ու ընտանեկան ծանր պատմությանը, և դրա հետագա տարածումը թողնում եմ յուրաքանչյուրի խղճին ու մարդկային վերաբերմունքին

Կիսվեք ձեր էջում