«Կանգնած եմ անդունդի առջև»․ «օրենքով գողը» դատարանում հանդես է եկել վերջին խոսքով
Pastinfo.am-ը գրել է․ «Եկատերինբուրգում Դեդ Հասանի ազգական, Գիա Սվերդլովսկի մականունով հայտնի «օրենքով գող» Գեորգի Ակոևի դատավարությունը թևակոխել է եզրափակիչ փուլ։
Քրեական հեղինակությանը մեղադրում են հանցավոր աստիճանակարգությունում բարձրագույն դիրք զբաղեցնելու մեջ։ Դատարանում նա հանդես է եկել վերջին խոսքով։
Ինչպես նշում է մեղադրող կողմը, Գիան որոշումներ է կայացրել քրեական կարգավիճակներ շնորհելու, բարձրացնելու և իջեցնելու վերաբերյալ։
Նա քարոզել է հանցավոր մշակույթը, վարել և վերահսկել է մոլախաղերից ստացված եկամուտներից ձևավորվող «օբշչակը», ունեցել է ահռելի ազդեցություն ու հեղինակություն քրեական աշխարհում։
Ակոևը դատական նիստի ժամանակ բացատրել է, որ իր տնից առգրավված՝ գողական աստղերով իրերն իրականում ոսկերչական արժեք ունեն։
«Աբսուրդ է, պարզապես աստղն անվանել որևէ բարձրագույն դիրքի պատկանելության ապացույց։ Ոմանք հավաքում են գերմանական ռազմական խաչեր, մի՞թե նրանք նացիստ են»,- հարցրել է Գիան։
Դեդ Հասանի ազգականը նշել է, որ խուզարկության ժամանակ վերցրել են կնոջ փողերը․ առգրավվել էր մի քանի տասնյակ հազար դոլար։ Իր ելույթի ընթացքում Ակոևը հիշել է առակն այն մասին, թե ինչպես են գայլերը համոզել ոչխարներին վտարել իրենց պահապան շներին՝ խոստանալով բարեկամություն, իսկ հետո հաշվեհարդար են տեսել նրանց հետ։
Գիա Սվերդլովսկին, առակից զատ, կարդացել է մի քանի բանաստեղծություն, խոսել Սոկրատեսի մասին և պատմել մարդկանց հանդեպ Աստծո սիրո մասին։ Դատավորը շոկի մեջ էր։
Ակոևը պատմեց, որ ցավալի է այն միտքը, որ ինչ-որ մեկի կարիերայի և շահադիտական հետաքրքրությունների պատճառով կարող է այլևս չտեսնել ընտանիքին։
«Անարդարության անտանելի գիտակցումը մարդուն նետում է հուսահատության անդունդը»,- ասել է նա։
«Ես կանգնած եմ անդունդի առջև, առանց մեղքի։ Այն, ինչում ինձ մեղադրում են, եu չեմ արել»,- դատավորին դիմելով՝ հայտարարել է Ակոևը։
Դատավորը առանձնացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռը կայացնելու․ այն կհրապարակվի նոյեմբերի 12-ին։
Ինքը՝ Գեորգի Ակոևը, մի քանի անգամ հրապարակայնորեն հրաժարվել է իր՝ «օրենքով գող» կարգավիճակից։»
Տեսանյութը ստորև․


