Մամուլ

«Նորից կխփեի, դանակը կոտրվեց». Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ–ով կարճանալու է

Այս պահին բժիշկն ասել է, որ վիճակը լավ է, ցավեր է ունեցել, ցավազրկողներ են տալիս, սպասում ենք, թե երբ վիրահատությունները տեղի կունենան։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։

Նրա խոսքով, դեռ երեք բարդ վիրահատություն է սպասվում. «Պլաստիկ պետք է հավաքվի ոտքը, ութ սմ ոսկորը հեռացված է, այդ փշրված ոսկորն են հեռացրել, մաքրել են, որ ինֆեկցիա չտարածվի։ Բեկորներն ու այդ փշրանքներն են հեռացրել։ Բժիշկ ասաց, որ երկու բուռ մենակ դրանք ենք հեռացրել, ու զարմանալի է, թե ինչ զենք է եղել, որ այսքան վնաս է հասցրել։

Ծունկն էլ է վնասված, ջիլերն է, ասաց՝ առանձնացված է ծունկը, այդ վիրահատությունը թողնում ենք վերջում, հիմա կարևորը ոտքը փրկելն է, դրա մասին ենք այս պահին մտածում։ Դեռ տեղյակ չենք, թե վիրահատությունը երբ կլինի, սպասում են մի քիչ կայունանա վիճակը։

Բժիշկն ասաց, որ 8 ամիս հետո նորից վիրահատություն է լինելու, ոտքը 8 սանտիմետրով կարճանալու է։ Այնքան վնասված է, որ կարող էր 14 սմ լիներ։ Ասաց, որ սարքերով ոտքը վիրահատում են, որ գա հավասարվի մյուս ոտքին»,–ասաց նա՝ հավելելով, որ քրոջ գիտակցությունը տեղն է։

Արփի Ավետիսյանի խոսքով, երեկ ու այսօր քրոջը տեսակցել են ամուսինը, երեխաները, մայրն ու մորաքույրը, ինչը չի տեսակցել։

«Նորից նույնն է պատմում, որ դրանից նորից վատանում է։ Ասում է՝ նորից կխփեի, դանակը կոտրվեց։

Երեխաները շատ վատ վիճակում են, աղջիկը մեր տանն է, տղաները ծնողներիս տանն է։ Գիշերները աղջիկը չի քնում, լացում է, վիդեոները, որ նայում ենք, ձայներից լացում է։ Շատ վատ է երեխեքի վիճակը։ Իրենք էլ են այդ դրվագները հիշում, իրենք ներկա են եղել։ Աղջիկը 12 տարեկան է, տղան՝ 15 տարեկան։ Տղայի ձեռքը վիրահատված է, ամուսինը խնդրել է, որ շուտ դուրս գրեն, որ գա Երևան, մորը տեսնի։ Դաստակի հատվածը կոտրված է, ճկույթի մասը երկաթով հավաքված է, երկու մատը ճկույթի հետ գիպսի մեջ է։

Ես երեխաներին հարցրել եմ՝ ինչ է եղել մինչև մոր գալը։ Ասեց՝ մորքուր, ապերի շորերն էր հագել։ Երբ արդեն հեռախոսները վերցրել է, այդ ընթացքում ասում է՝ զենքը պահած, դռան մոտ կանգնած արդեն իր շորերն էր ուզում հագնել։ Ասում է՝ իրենց լեզվով գոռգոռում էր, ինչ–որ բաներ էր ասում»։

Հարցին՝ քանի՞ օր տանը մարդ չի եղել, Արփի Ավետիսյանը պատասխանեց, որ սովորաբար երեխաները դպրոցից գալիս են տուն, հետո հայրը տանում է Սիսիան, այնտեղ են ապրում, սակայն դրա նախորդ օրը ծնողական ժողով է եղել, հայրը հենց դպրոցից երեխաներին վերցրել տարել է, տուն չեն մտել։ Այսինքն հնարավոր է, որ այդ ժամանակ արդեն ադրբեջանցին իրենց տանն է եղել։

«Երեխաները, որ մտնում են տուն, դարպասը ներսից փակել են։ Այդ ժամանակ, որ տեսել են ապակին կոտրված է, զանգել են մայրիկին, ասել են, որ կոտրված է ապակին։ Երբ ներս են մտել, այդ պահին արդեն զենքով դիվանի վրա պառկած է եղել։ Այդ պահին հեռախոսը միացված է եղել, երեխեքը բղավել են, հետո նոր հեռախոսները վերցրել է ձեռքներից։ Քույրս ասում է՝ զանգում եմ, չեն պատասխանում։ Մինչև իր հասնելը, քույրս զանգել է ոստիկանություն, ասել է՝ երեխես գոռում էր, հասեք երեխեքիս փրկեք, մինչև ես հասնեմ։

Մորաքույրս այդ գյուղում է բնակվում, քույրս իրեն էլ է զանգել, ասել է՝ խնդրում եմ հասի աղջկաս վնաս չտան, մինչև հասնեմ։ Մորաքույրս էլ մինչև հասել է, եղած, վերջացած է եղել»։ Հարցին՝ գյուղի բնակիչներն իմացե՞լ են, որ նման վտանգ կա՝ հաշվի առնելով, որ մի քանի օր առաջ է ադրբեջանցի զինծառայողը լքել իր զորամասը, Արփի Ավետիսյանն արձագանքեց. «Ոչ, չեն իմացել։ Եթե քույրս տեղյակ լիներ, ո՞նց կթողեր իր երեխաները մենակ տուն գնան։ Ոչ ոք ասած չի եղել։

Գյուղապետն ասում է՝ կրունկի վնասվածք է, բայց ասենք տեսանյութում լավ երևում է, թե մասն է վնասվածքը։ Թեթև է ներկայացնում ազդրի բազմաբեկորային կոտրվածք, փշրված ոսկորները հեռացված, ջիլերը կտրված, ու այդպես թեթև էր ներկայացնում»։

Արփի Ավետսյանը կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողին բաց կթողնեն. «Որ չեն հետաքրքրվում, լուրջ չեն վերաբերվում այս ամեն ինչին, թեթև ներկայացնում են կրունկի վնասվածք, դե պարզ է, որ այդպես հեշտ էլ կթողնեն, գնա»։

Ավելի վաղ հայտնել էինք որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Արփի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Կիսվեք ձեր էջում