Մամուլ

«Փետով խփեցի, փախավ». «Ընկնում ենք հետեւից, որ բռնենք, անհետանում ա». ո՞վ է Մալիշկայի «ուրվականը»

Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներն արդեն ավելի քան 10 օր է՝ ահ ու սարսափով են գիշերը լուսացնում։

Նրանց խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, որը քարեր է նետում բնակելի տների, պատուհանների ու դարպասների ուղղությամբ։

Բնակիչները պատմում են, որ անհայտ անձին նկատելու դեպքում փորձում են հետապնդել նրան, սակայն նա ամեն անգամ կարողանում է փախչել։

«Տեսանք, ընկնում ենք հետևից, որ բռնենք՝ անհետանում ա, կամ ծառերի վրայա թռնում, կամ քոլերի տակ ա մտնում»,— պատմեց գյուղացիներից մեկը։

Գյուղի տղամարդիկ՝ մեծից փոքր, մութն ընկնելուն պես հերթապահում են փողոցներում։ Գիշերային հերթապահություններից մեկի ժամանակ Զարմիկ Օսիպյանը հանդիպել է դիմակավորված անձին։

«Տան հետևը պախկվել էր, ինձ տեսավ՝ փախավ, փետը շպրտեցի, չկպավ, փախավ։ Մտել ա թաղը, դուռ-լուսամուտին ա քարերով խփել։ Փորձել ենք բռնել, բայց չի ստացվել»,— ասում է նա։

Մալիշկայի մեկ այլ բնակիչ Սիլվա Գասպարյանը, որը դպրոցականների հետ դասապատրաստում է անցկացնում, ասում է՝ երեխաները դժվարությամբ են կենտրոնանում դասերի վրա. «Երեխաները գալիս են ահ ու սարսափով, անգամ ամենալավ սովորող երեխաները հետ են գնացել, Մտածում են, նրանց դպրոցից կգողանան»։

ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք ձեր էջում