Նամուս, թասիբ ունե՞ք դուք, երազում էինք Ծառուկյանի կողմից պարգև ստանալ․ Հակոբկոխյանը՝ մարզիկներին
Հա՛մ վշտացած եմ, հա՛մ չարացած սրանց վերաբերմունքից։ 24News-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԽՍՀՄ, Եվրոպայի և Աշխարհի բռնցքամարտի չեմպիոն, բռնցքամարտի մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ հարցին։
Ըստ նրա՝ ազգային բարերարի հետ նման վերաբերմունքը ազգի դժբախտությունն է, քանի որ Ծառուկյանը մեծ ավանդ ունի հատկապես սպորտի բնագավառում։
«Ինչպես ժամանակին Անդրանիկին չգնահատեցին, Նժդեհին չեն գնահատել, այսօրվա մեր ժամանակների հերոսներին էլ չեն գնահատում, որովհետև մարդիկ, որ իրենց կյանքով նվաստացած են եղել, այսօր փորձում են հերոսներին նվաստացնել, որ իրենք իրենց լավ զգան։
Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի նման մարդկանցով այլ երկրներ հիանում են, մեծարում են, իսկ մեր երկրում նվաստ մարդիկ փորձում են նման մարդկանց նվաստացնել», – նշեց մեր զրուցակիցը։
Իսրայել Հակոբկոխյանն անդրադարձավ նաև մարզաշխարհի ներկայացուցիչների լռությանն այս օրերին։
«Ուղղակի ցավ եմ ապրում, որ մարզաշխարհի հանճարեղ մարզիկներն այսօր լռում են, չեն միջամտում այս իրավիճակին։ Ես նախկին մարզիկ եմ, ես փորձել եմ մի բան անել, որ մարզաշխարհը հավաքվի իրար գլուխ, որ հայրենիքը ազատագրենք, ճանաչել տանք որպես նորմալ երկիր։
Ցավ եմ ապրում, որ ես էլ եմ ինձ մարզիկ կոչում։ Այն մարզիկները, որ պետք է պարգևատրվեին Ծառուկյանի կողմից, ժամանակին պատրաստ էին նրա ամենանուրբ տեղերն էլ շոյել, բայց հիմա լռում են։ Ամոթ է, մեր մարզաշխարհի մարդկանց ամոթն է։ Ոնց հասկանում եմ՝ իրավիճակը փոխվել է, մարդիկ շահի հետևից են վազում։
Զարմանում եմ մեր մարզաշխարհի մարդկանց վրա, եթե նամուս, թասիբ կա, պետք է հավաքվեն։ Ես մենակ ի՞նչ կարող եմ անել, հացադուլի նստեցի, փորձեցի մարդկանց հավաքել իրար գլուխ։ Մենք մեր երկիրը սիրում ենք, մենք ուզում ենք հայ մնալ, ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» դառնալ», – ասաց նա։



