Կարծելով, թե զրուցում է Փաշինյանի հետ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել կաթողիկոսի հեռացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք 1tv.ru-ից։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Հաղորդման հեղինակների պնդմամբ՝ Հայաստանում իրականացվում են հոգևորականների ձերբակալություններ և ճնշումներ, որոնք, ըստ նրանց, տեղի են ունենում Արևմուտքի աջակցությամբ։
Հաղորդման մեջ հիշեցվում է նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ Բրյուսելի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հոգևոր կապերը։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նաև կաթողիկոսի փոխարինման հարցում։
Զրույցից ներկայացնում ենք մի հատված.
– Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։
– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։
– Կարծում եմ՝ այժմ իմ ձեռքում արդեն կան որոշակի խաղաքարտեր, և մենք կարող ենք փոխել կրոնական իրավիճակը։ Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը։
– Լավ, ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ։
Տեսանյութը՝ ստորև․



