Մամուլ

Կինը լճում գտել է մարդու կտրված ձեռք

ԱՄՆ Իլինոյս նահանգի իրավապահ մարմինները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք կասկածվում են 38-ամյա Դալվեյն Թըրների սպանության և նրա մարմինը մասնատելու մեջ. այս մասին հաղորդում է WCIA լրատվականը։

Սպանված տղամարդու մարմնի մասերը հայտնաբերվել են Մաթուն լճում։ Այս սարսափեցնող բացահայտումն արել են Սեմի Ֆլինն ու իր հայրը, ովքեր հունիսի 28-ին նավակով գտնվելիս են եղել լճում։

Նրանց փոխանցմամբ՝ սկզբում հայրը կարծել է, թե ջրի երեսին սատկած ձուկ է լողում, սակայն դուստրը նկատել է, որ դա իրականում մարդու կտրված ձեռք է, որի վրա հստակ երևացել են դաջվածքներ։

Անդամահատված մարմնամասը տեսնելուն պես նրանք անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը։

Դեպքի վայր ժամանած իրավապահները տեղում հաստատել են, որ հայտնաբերվածը տղամարդու աջ ձեռքի հատվածն է։

Ծավալված հետաքննության արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի՝ 26-ամյա Ջեյմս Ադամսին և 62-ամյա Ռոբին Թըրներին։

Նրանց առաջադրված մեղադրանքների հստակ մանրամասներն ու կատարված հանցագործության դրդապատճառները դեռևս չեն հրապարակվել։

Ներկայումս քննությունը շարունակվում է։

Կիսվեք ձեր էջում