Դատապարտյալների վերաբերյալ նոր փոփոխություն կա
Հայաստանում դատապարտյալներին մերձավոր ազգականների հետ տեսակցություններից զրկելն այլևս չի կիրառվի որպես կարգապահական տույժ։ ԱԺ–ն Քրեակատարողական օրենսգրքի համապատասխան փոփոխություններն ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս ասել էր արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը, ազգականների հետ տեսակցությունների սահմանափակումը կիրառվել է այն դատապարտյալների նկատմամբ, որոնք խախտել են պահման սահմանված կարգը։ Սակայն միջազգային չափանիշներով` հարազատների հետ շփումներից զրկելը համարվում է ոչ մարդասիրական միջոց, ուստի որոշվել է հրաժարվել նման պրակտիկայից։
Միևնույն ժամանակ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ևս մեկ նախագիծ, որով փոփոխություններ են արվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Ըստ այդ փոփոխությունների` ավելի խիստ միջոցներ են սահմանվում քրեակատարողական հիմնարկների տարածք արգելված իրեր բերելու համար։
Խոսքը բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնիկայի, ալկոհոլային արտադրանքի և սպիրտ պարունակող նյութերի, դրամական միջոցների և թանկարժեք իրերի մասին է։ Պատիժ կսահմանվի ոչ միայն դրանք բանտարկյալին փոխանցելու, այլև ՔԿՀ տարածք բերելու համար։ Խախտում անողները նախկինում կարող էին պնդել, որ արգելված իրերը բերել են անձնական օգտագործման համար, եթե նրանց չեն «բռնացրել» անմիջապես փոխանցելու պահին։
Տուգանքների չափը կավելանա` 100-300 հազար դրամից դառնալով 200-500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում կրկին նման խախտում անելու դեպքում տուգանքի չափը կլինի 300-600 հազար դրամ։ Բոլոր դեպքերում հայտնաբերված արգելված իրերը կբռնագրավվեն` առանց տիրոջը վերադարձնելու իրավունքի։


