Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել․ ինչ է քննարկում Թրամփի վարչակազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է հղի օտարերկրյա կանանց համար երկիր մուտք գործելու սահմանափակումներ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց Թրամփի վարչակազմի փորձը՝ վերացնելու ծննդյան իրավունքով քաղաքացիությունը։ Սահմանադրական այս սկզբունքը նախատեսում է, որ ԱՄՆ տարածքում ծնված յուրաքանչյուր երեխա ավտոմատ կերպով ստանում է երկրի քաղաքացիություն։
Վարչակազմի դիրքորոշումն այն է, որ գործող կարգը նպաստում է անօրինական ներգաղթին։ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ Սպիտակ տունը «լուրջ ուսումնասիրության» կենթարկի հղի օտարերկրյա կանանց մուտքն արգելելու տարբերակը։
«Պետք է շատ ուշադիր որոշել, թե ում եք թույլ տալիս մուտք գործել երկիր, նույնիսկ եթե այցը ժամանակավոր է, քանի որ կա ծննդաբերական տուրիզմի երևույթը»,- ասել է Սպիտակ տան քաղաքականության և հայրենիքի անվտանգության հարցերով աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Նրա խոսքով՝ եթե հղի կինը հղիության վերջին շրջանում մեկնի ԱՄՆ և այնտեղ ծննդաբերի, ապա նա կդառնա ԱՄՆ քաղաքացու մայր, ինչը, ըստ նրա, կարող է հետագայում հիմք ստեղծել սոցիալական ծրագրերից և պետական միջոցներից օգտվելու համար։
Միևնույն ժամանակ, Գերագույն դատարանը 6-3 հարաբերակցությամբ վճռել է, որ ԱՄՆ-ում ծնված երեխաներին ավտոմատ քաղաքացիությունից զրկելը հակասում է Սահմանադրության 14-րդ փոփոխությանը։
Պաշտոնական տվյալներ այն մասին, թե տարեկան քանի երեխա է ծնվում օտարերկրյա այցելուներից, ԱՄՆ կառավարությունը չի հրապարակում, սակայն տարբեր գնահատականներով այդ թիվը կազմում է տարեկան մոտ 20-26 հազար։


