Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ, «Saturn» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ռոմելա Սարգսյանն է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Տեսանյութը՝ ստորև․


