Որքա՞ն կվճարի ՀՀ քաղաքացին Ռուսաստանում աշխատելու, ապրելու և սովորելու համար
Վերջերս Ռուսաստանի Պետդուման միգրանտների համար պետական տուրքերի բարձրացման մասին նոր օրենք է ընդունել, որն օրերս ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Օրենքով նախատեսվում է տուրքերի զգալի բարձրացում․ Ռուսաստանի քաղաքացիության ձևակերպման համար պետական տուրքը բարձրացել է գրեթե 12 անգամ՝ նախկին 4 200-ից դառնալով 50 հազար ռուբլի։ Ժամանակավոր կացության թույլտվության (РВП) ձևակերպման տուրքը մոտ ութ անգամ է թանկացել՝ 1 920-ից դառնալով 15 հազար ռուբլի, իսկ մշտական կացության վկայականի (ВНЖ) ձևակերպման համար քաղաքացին նախկին 6 հազար ռուբլու փոխարեն այժմ պետք է վճարի 30 հազար ռուբլի (հինգ անգամ ավելի)։
Ավելացել է նաև միգրանտներին աշխատանքի ներգրավելու թույլտվությունների տրամադրման տուրքի չափը՝ հասնելով մինչև 15 հազար ռուբլու՝ յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար:
Ի դեպ, օրենքը ՌԴ քաղաքացիություն ստանալու համար սահմանված տուրքերի վճարումից ազատում է օտարերկրյա այն քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր նախկինում եղել են ԽՍՀՄ քաղաքացիներ և հանդիսանում են հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։
Բացի այդ, օրենքն ազատում է ժամանակավոր կացության թույլտվության կամ մշտական կացության վկայականի տրամադրման պետական տուրքերի վճարումից նաև այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով ճանաչվել են որպես Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող անձինք։
Քաղաքացիություն ստանալու և մշտական կացության տուրքերից ազատվում են նաև այն օտարերկրացիները, ովքեր հատուկ ռազմական գործողության ժամանակահատվածում պայմանագիր են կնքել ՌԴ զինված ուժերում ծառայության անցնելու վերաբերյալ:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը միգրացիոն նոր փոփոխությունները տրամաբանական է համարում՝ ասելով, որ Ռուսաստանն այդպիսով պաշտպանում է իր ազգային ու պետական շահերը։
«Մարդիկ չնչին գումարներ էին մուծում ու Ռուսաստանում մեծ գումարներ աշխատելու հնարավորություն ստանում, ապա այդ գումարն ուղարկում իրենց երկիր։ Փաստորեն, Ռուսաստանի Դաշնությունը լայն հնարավորություններ էր ընձեռում այնտեղ աշխատող, ապրող միգրանտներին, բայց դրանից մեծ ակնկալիքներ չէր ունենում։
Իսկ այդ հնարավորություններից օգտվողների մեջ լինում էին մարդիկ, որոնք այնուհետև իրենց երկիր վերադառնալով՝ հակառուսական տրամադրություններ էին սերմանում, հակառուսական գործողությունների մեջ ներգրավվում կամ ընտրում այնպիսի իշխանության, որն ակնհայտ հակառուսական քաղաքականություն է իրականացնում՝ այդպիսով փաստացի վնասելով նաև Ռուսաստանից կախում ունեցող այդ նույն քաղաքացիների շահերը։
Ռուսաստանն էլ վերանայել է իր միգրացիոն քաղաքականությունը՝ նաև պետական տուրքերի վճարման առումով։ Դա լավ հնարավորություն է պետական գանձարանը լրացուցիչ մուտքերով համալրելու համար։ Ռուսաստանը կթու կով չէ իրենց համար, որ օգտվեն, հետո ասեն՝ «ես գնում եմ քո թշնամիներին ծառայեմ, նրանց ճամբար մտնեմ»»,- զրույցում ասում է Հայկ Այվազյանը։
Փորձագետի ձևակերպմամբ՝ այսօրվա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու համար Ռուսաստանը վերանայում է իր միգրացիոն քաղաքականությունը, որպեսզի կարողանա կանխել «ուկրաինական սցենարների» կրկնությունը մեր տարածաշրջանում, և այս փոփոխությունը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։
Ըստ նրա՝ եթե որևէ պետություն չի ցանկանում հայտնվել այդ ռեժիմի տակ, կարող է Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրեր կնքել՝ իր երկրի քաղաքացիներին այդ տուրքերից ազատելու համար։ Բայց դրա համար պետք է համապատասխան քաղաքականություն վարել ՌԴ-ի հետ՝ հաշվի նստելով նրա շահերի հետ։ «Հայաստանն ասում է, թե բազմավեկտոր, հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում։
Եթե Հայաստանը համարում է, որ կարող է թե՛ Ռուսաստանի, թե՛ նրա ակնհայտ հակառակորդ ու թշնամի Արևմուտքի հետ միաժամանակ հավասարակշռված քաղաքականություն վարել, ապա Ռուսաստանն էլ կարող է այդ երկրի քաղաքացիների համար բարձր տուրքեր սահմանել»,- Հայկ Այվազյանը ՌԴ նման քաղաքականությունն արդարացված մոտեցում է համարում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հնարավորություն է տալիս նախկին ԽՍՀՄ պետությունների այն քաղաքացիներին կամ նրանց սերունդներին, որոնք իրենց ապագան կապում են Ռուսաստանի հետ և խորհրդային, այլ ոչ թե եվրոպական արժեքների կրողներ են, ազատվել նման բարձր տուրքերից։ Փորձագետի կարծիքով՝ սա որոշակի ժեստ է Ռուսաստանի կողմից հենց այդ մարդկանց, այլ ոչ թե պետությունների նկատմամբ։
«Ովքեր ԽՍՀՄ քաղաքացի են եղել, կրում են այդ արժեքները, իրենց հայրենակից են համարում ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ և իրենց ապագան կապում են Ռուսաստանի հետ, կարող են օգտվել առանց տուրքերի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ստանալու հնարավորությունից։
Ռուսաստանում ևս նպատակահարմար են գտնում այդ մարդկանց ներկայությունն ապահովել, քանի որ համարում են, որ նրանք հետաքրքրություն են ներկայացնում երկրի համար։ Ռուսաստանը պետք է համոզված լինի, որ իր երկիր աշխատելու, սովորելու կամ քաղաքացի դառնալու նպատակով եկած մարդը լավ է տրամադրված և օգտակար կլինի։
Բարեգործության ժամանակները վերջացել են, Ռուսաստանն այսուհետ շարժվելու է բացառապես իր պետական շահերով»,- համոզմունք է հայտնում փորձագետը՝ վստահեցնելով, որ միգրացիոն քաղաքականությունն է՛լ ավելի է խստացվելու։
Հարցին, թե ինչ հետևանքներ կունենա այս փոփոխությունը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների և ռուսաստանյան տրանսֆերտներով համալրվող ՀՀ բյուջեի համար, Հայկ Այվազյանն ասաց, որ ինքը հստակ հաշվարկներ չունի, սակայն ակնհայտ է, որ արտագնա աշխատանքի մեկնելու և կացություն ստանալու նպատակ ունեցող մարդիկ շատ ավելի մեծ գումարներ պիտի վճարեն։ Գուցե շատերին այլևս ձեռնտու չլինի ՌԴ մեկնելը, և այդ պատճառով շատ ընտանիքներ կզրկվեն իրենց եկամուտներից։


