Հարազատ քույրերի անգամ հագուստները չեն գտնում. ինչ է պատմում աղջիկների մորաքույրը
Փամբակ գետն ընկած երեխաներից մեկը 7 տարեկան է, անունը՝ Նարե, մյուսը Նարինեն է՝ 13 տարեկան։ Հարազատ քույրերին ամեն օր մայրը ուղեկցում էր «Օրրան» խնամքի կենտրոն։ Երեխաների մորաքույրը՝ Գայանե Խաչատրյանը ABC Media-ին պատմեց, որ նրանց մայրը նոր աշխատանք է գտել, երեկ առաջին աշխատանքային օրն է եղել, չի ուզել բացակայի, երեխաները մենակ են գնացել։
«Այնտեղ դասապատրաստում էին անում, ժամը 2-6-ը մնում, հետո գալիս տուն։ Մենք իմացանք, որ երեխաները «Օրրան» չեն հասել, սկսեցինք հետաքրքրվել ու սենց»,- պատմում է երեխաների մորաքույրը։
Այս պահի միակ վարկածն այն է, որ երեխաները փորձել են կրճատել ճանապարհն ու գետի միջով անցնող խողովակով հատել գետը։ Ինչն էլ չի հաջողվել։
Փրկարարները երեկվանից անգամ հագուստ չեն գտնում։ Ըստ փրկարարներից մեկի՝ խողովակից սկսած մինչև Ալավերդիի հատված որոնողական ակտիվ աշխատանքներ են տանում։
Վանաձորում են ապրում միայնակ մայրն ու հինգ անչափահաս երեխաները։


