Մամուլ

Որոշում է կայացվել Խորեն Լևոնյանին հեռացնել «Հանրային»-ից

Դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը «Տետ ա տետ» հաղորդման ընթացքում անդրադարձել է «Հանրային հեռուստաընկերությունից» իր հեռացման պատճառներին։

Նա պատմել է, որ իրեն առաջարկվել է մասնակցել ամանորյա ֆիլմի ձայնագրմանը, սակայն տեքստը կարդալուց հետո հասկացել է, որ այն իրեն ընդունելի չէ, քանի որ, իր խոսքով, դա կարող էր արժեզրկել տարիների ընթացքում իր կատարած աշխատանքը՝ մասնավորապես «Երգ երգոց» հաղորդաշարի շրջանակում։

«Իմ պայմանագրում նման պարտադրող կետ չկա, որ պարտադիր պետք է մասնակցեմ նման նախագծերի։ Տարբեր պրոդյուսերներ կապվում էին ինձ հետ՝ խնդրելով կարդալ այդ տեքստը, բայց ես առաջարկեցի այն վերանայել և խմբագրել, որովհետև այնտեղ կար ակնհայտ միտում, որը կարող էր ծաղրական ընկալվել թե իմ խոսքի մշակույթի, թե գուսանների ու աշուղների տարիների աշխատանքի նկատմամբ»,– նշել է նա։

Լևոնյանի խոսքով՝ նա պատրաստ էր մասնակցել, եթե տեքստը խմբագրվեր, սակայն առաջարկը մերժվել է։ «Ասացին՝ չի կարող փոխվել, ես էլ ասացի՝ այդ տարբերակով չեմ մասնակցի։ Թող ուրիշ ձևով լինի»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց այդ իրավիճակը դարձել է իր՝ Հանրային հեռուստաընկերությունից հեռացնելու քննարկման հիմքերից մեկը։ «Ժողով են արել, քննարկել են և որոշել են դադարեցնել համագործակցությունը։ Այդ ընթացքում ես այլ նախագծերի նկարահանումների մեջ էի»,– հավելել է Լևոնյանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում