Պարեկները կանգնեցրել են ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ՝ երկվորյակ եղբայրների ավտոմեքենան ու պարզվել է, որ նրանցից մեկի մոտ առկա է ծալովի դանակ, մյուսի մոտ՝ մոխրանման հետքերով կաթոցիչ
Shamshyan.com-ը հայտնում է, որ մարտի 8-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցում կանգնեցրել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սամվել Կ․-ն իր մոտից ներկայացրել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Կ․-ն պարեկներին հայտնել է, որ իր մոտ առկա է կաթոցիչ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սամվել և Նարեկ Կ․-երը պարեկների կողմից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արտաշատի բաժնում վերջիններիս անձնական խուզարկությամբ Նարեկ Կ․-ի ձեռքին եղած պայուսակից հայտնաբերվել է 1 հատ կաթոցիչ՝ մոխրանման հետքերով, իսկ Սամվել Կ․-ն ոստիկաններին է ներկայացրել 1 հատ ծալովի դանակ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Սամվել և Նարեկ Կ․-երը երկվորյակներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


