Շոու-բիզնես

Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանի ծննդյան տարեդարձն է

Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը, ով միշտ անսահման ժպիտ է պարգևում հանդիսատեսին, այսօր տոնում է ծննդյան 74-րդ տարեդարձը:

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 7-ին, Գյումրիում: Դերասան Սամվել Բաղինյանի կինն է: Ավարտել է Գյումրիի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1970-74թ.թ. սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, որտեղ ստացել է թատրոնի եւ կինոյի դերասանուհու մասնագիտություն:

1975-92թ.թ. աշխատել է Ստեփանակերտի Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում: 1991թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման: 1992-94թ.թ. աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

1994թ. տեղափոխվել է Լեհաստան: 1995-2004թ.թ. աշխատել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր, արժանացել «Ոսկե դիմակ» մրցանակի: 2004թ. տեղափոխվել է Երևան եւ աշխատանքի անցել Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

2010թ. զուգահեռաբար աշխատում է նաեւ Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 2006թ. նկարահանվում է հեռուստատեսային տարբեր նախագծերում եւ հեռուստասերիալներում:

Նկարահանվել է «Անիծվածները», «Քայլ ձիով» գեղարվեստական ֆիլմերում, «Երեւան ջան», «Սիրո աստղ» հեռուստաֆիլմերում: 2011թ. «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Արի ամուսնանանք» հեռուստանախագիծը:

Bavnews.am-ը՝ քաջ առողջություն և կանացի երջանկություն է մաղթում սիրված դերասանուհուն։