Գյումրիում բնակարանային գողությունը բացահայտվել է. տարել էին սառնարան, լվացքի մեքենա և համակարգիչ
Հոկտեմբերի 31-ին` ժամը 17.25-ին, Գյումրիի Մուշ թաղամասի մի բնակիչ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ Խրիմյան Հայրիկի փողոցում գտնվող և իր տնօրինությանը հանձնած տնակից գողացել են սառնարան, լվացքի մեքենա և համակարգիչ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանների միջոցառումների շնորհիվ ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել են 42 և 32 տարեկան գյումրեցի երկու տղամարդիկ, որոնք 32-ամյա համաքաղաքացու կողմից շահագործվող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով գողացված իրերը տեղափոխել են 42-ամյա տղամարդու տնակ։
Ժամը 17.45-ին Շիրակացու փողոցի իր տնակի մոտ 42-ամյա գյումրեցին ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 1-ին կատարված խուզարկությամբ նրա տնակում հայտնաբերվել է գողոնը` սառնարանը, լվացքի մեքենան և համակարգչի աքսեսուարները: Տնակի պահարանում հայտնաբերվել են նաև սվին-դանակ և ինքնաձիգի չորս փամփուշտ։
Ձեռնարկվում են միջոցառումներ 32-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։


