Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Բագրավան-Հայկաձոր ավտոճանապարհի՝ Հայկաձոր բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի խոտով բարձված բեռնատարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և շտապօգնության բժիշկների խումբը։

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բախման հետևանքով բեռնատարում բարձված խոտը թափվել է, և դեպքի վայր են ժամանել «ՃանՇինի» աշխատակիցները, ովքեր սպասում են, որ քննչական գործողությունները ավարտվեն, որպեսզի ճանապարհը մաքրեն։