Մկրտիչ Սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել. փաստաբան
Այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։ Այդ մասին Քննչական կոմիտեի Երևանի կենտրոնի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Քննչական բաժնի շենքից փաստաբան Երեմ Սարգսյանի հետ դուրս գալուց հետո նա նշեց, որ վերջապես կարողացել են հանդիպել Մկրտիչ սրբազանի հետ։
«Պարզվեց, որ նա ի սկզբանե է Երևանի կենտրոնի քննչական այս բաժին բերվել, սակայն նրա հետ մինչ այս պահը որևէ շփման հնարավորություն չէին տվել։ Նա ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքներին մասնակցությանը խոչընդոտելու և 2021 թ. ընտրությունների քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»,– տեղեկացրեց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` սրբազանի նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են. այս ամբողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման շրջանակում է։
Զոհրաբյանը հրաժարվեց մանրամասներ ասել, քանի որ դա կարող է խոչընդոտել պաշտպանական տակտիկան մշակելու, պլանավորելու գործում։
«Սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին մյուս սրբազանների նկատմամբ։ Մկրտիչ սրբազանն ասաց, որ ինքը պատրաստ է, որ իր նկատմամբ հալածանքներ են լինելու, իր համար դա նորություն չէր։ Իր նկատմամբ հարուցված մեղադրանքը սրբազանը չի ընդունում։ Պետք է ասեմ, որ սա աննախադեպ բան է. դուք երբեք լսած չեք լինի, որ այսքան հոգևորականի բերման են ենթարկել, այսքան ժամ պահեն ու հոգևորականի տեղը թաքցնեն», – հայտարարեց փաստաբանը։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Մկրտիչ սրբազանին պաշտոնապես ձերբակալել են այսօր առավոտյան ժամը 9։30ին, և իրավապահ համակարգը շատ քիչ ժամանակ ուներ նրան անազատության մեջ պահելու համար։ Այդ պատճառով էլ հենց այսօր նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ-ի քրոջ որդին է։