Առեղծվածային դեպք․ հյուրանոցի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր․ Հնդկաստանի 4 քաղաքացիներ տեղափոխել են հիվանդանոց
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտա 1/24 հասցեից քաղաքացիների կողմից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 4 քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են նշված հիվանդանոց։
Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արաբկիրի համայնքային ոստիկանները, Երևանի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից, Ազատության պողոտա 1/24 հասցեից։
Արդեն նշված հասցեում գործող շինության, որն ավելի շատ հյուրանոցային համալիր է հիշեցնում, ներսում և դրսում հայտնաբերվել են արնանման հետքեր։
Տարածք սահմանազատել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչատուր Միրզաջանյանն ու Սպարտակ Պողոսյանը։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք սուր կտրող – ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ 4 վիրավորներն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Իսկ նշված շինությունում հայտնաբերել են 25-ից ավելի Հնդկաստանի քաղաքացիների։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։