Կարենը հոգեկան խնդիրներ ուներ․ Արցախում բոլոր հայերը նրա ճակատագրին էին արժանանալու․ Մետաքսե Հակոբյան
Մամուլում մեծ արձագանք է ստացել 2025 թվականի սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտի բնակիչ, 58-ամյա Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանի գործողությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա դուրս է եկել տնից, մոտակա անտառից վերցրել նախապես թաքցրած «Կալաշնիկով» ինքնաձիգը, չորս պահեստատուփ և հինգ նռնակ և հարձակվել օկուպացված Ստեփանակերտում անցկացված միջոցառման մասնակիցների վրա։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ անձամբ չի ճանաչում Կարեն Ավանեսյանին, սակայն իր տեղեկություններով՝ տղամարդը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել։
«Ես նայել եմ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը, բայց դա որևէ կերպ չի կարող հիմք լինել իրական պատկերը գնահատելու համար։ Այն ամբողջական չէ և լի է քարոզչական մեկնաբանություններով, ուստի հակված չեմ դա ընդունել որպես բացարձակ ճշմարտություն»,- նշեց պատգամավորը։
Հակոբյանը հիշեցրեց, որ Արցախի վերջնական օկուպացումից հետո Կարմիր խաչի միջոցով շուրջ հիսուն հայեր տեղափոխվել են Հայաստան, սակայն մոտ երկու տասնյակ մարդ մնացել էր տեղում։
«Կարմիր խաչի դուրս գալուց հետո այլևս տեղեկություն չունեինք նրանց մասին։ Այսօր դժվար է ճշգրիտ ասել՝ քանի հայ է մնացել, ովքեր են ողջ։ Կարեն Ավանեսյանի մասին տեղեկություններս կցկտուր են, բայց գիտեմ, որ առողջական խնդիրներ ուներ։ Նա հոգեբուժարանում չի գտնվել տեղահանման ժամանակ, սակայն հաշվառված էր որպես հոգեկան խնդիրներ ունեցող»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ նման դեպքերն Ադրբեջանի քարոզչամեքենայի համար շահեկան են՝ ներկայացնելու Ալիևի «խաղաղ կերպարը» և ցույց տալու, թե իբր հայերը զբաղվում են ահաբեկչական գործողություններով։
«Սա հարմար պահ է Բաքվի համար։ Իրականում նման ճակատագրի տարբեր սցենարներով կարող էին արժանանալ բոլոր նրանք, ովքեր մնացել էին Արցախում։ Տվյալ դեպքում հնարավոր է և հոգեկան հիվանդության դրսևորում է եղել, և անելանելի վիճակի հետևանք։ Այն պայմաններում, երբ մարդիկ ենթարկվում են նվաստացման ու ծաղրանքի, ցանկացած մեկը կարող էր գնալ ծայրահեղ քայլերի»,- ընդգծեց Սիմոնյանը։
Պատգամավորը հավելեց, որ չի կարող հստակ մեկնաբանել Ավանեսյանի արարքը, սակայն վստահ է, որ այն պետք է դիտարկել ոչ թե իբրև փաստ, այլ որպես ծանր պայմաններում ձևավորված իրավիճակի հետևանք։