Մամուլ

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ ձերբակալվել և ոստիկանություն են տեղափոխվել իրանցի և եգիպտացի 11 քաղաքացիներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արին-Բերդի փողոցի 9/2 հացեում գործող ակումբում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նշված վայրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «աջ նախաբազկի պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 44 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Հուսեին Մ․-ն է, իսկ արդեն կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արին-Բերդի փողոցի 9/2 հասցեի դիմացից խուլիգանություն կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 34-ամյա Մուհամմադ Մ․-ին, 28-ամյա Համիդ Ա․-ին, 40-ամյա Մուսթաբա Ա․-ին, 20-ամյա Ամիրմոհամմադ Լ․-ին, 40-ամյա Իսա Լ․-ին, 34-ամյա Յուսուֆ Լ․-ին, 44-ամյա Ղադեր   Դ․-ին և Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ 49-ամյա Մաբրուք Ս․-ին, 49-ամյա Գաբրիել Բ․-ին, 39-ամյա Ջավադ Ն․-ին և 35-ամյա Հուսեին Մ․-ին։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի 9/2 հասցեի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Հուսեին Մ․-ի և Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ Մաբրուք Ս․-ի, Գաբրիել Բ․-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմիյանց։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։