Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
Ամառային շոգ օրերն ու ընթացիկ սեզոնային անձրևների բացակայությունը Թուրքիայում բացասակայն հետևանքներ են առաջացրել։ Հատկապես օգոստոսին հաճախ են հանդիպում այնպիսի պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թուրքիայում սակավաջրության խնդիր է հասունանում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հատկանշական է, որ ջրի խնդիր ասվածը ոչ միայն ոռոգման ջրերի սակավության մասին է, այլև կենցաղային օգտագործման՝ խմելու ջրի մասին:
Հատկապես մեծ քաղաքներում, ինչպիսիք են օրինակ մայրաքաղաք Անկարան և ոչ պակաս մայրաքաղաքի նշանակություն ունեցող Ստամբուլը, ջրամբարների լցվածության կտրուկ և ռեկորդային անկում է գրանցվել:
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ Անկարայի ջրամբարներում ջրի պաշարներն էապես նվազել են:
Ջրամբարների ընդհանուր լցվածությունն այս տարվա՝ 2025-ի, օգոստոսի 20-ի դրությամբ կազմում է ընդամենը 19.42%, իսկ օգտագործման համար հասանելի ակտիվ պաշարը՝ 8.52%։
Նախորդ տարվա՝ 2024-ի, նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 39.41% և 31.21%։
Զուգահեռաբար նշվում է նաև, որ օրական քաղաքին մատակարարվում է շուրջ 1.7 մլն խմ ջուր: Մասնագետները, ելնելով ստեղծված պատկերից, գուժում են, որ ներկայիս սակավաթիվ պաշարներով մայրաքաղաքը կարող է ջրով ապահովվել հազիվ 3 ամիս։