Մամուլ

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ զինծառայողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։ 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։

Տեղի ունեցածը զենքի շահագործման կանոնների խախտում է, ինքնասպանության փորձ, թե սպանության փորձ՝ պարզվում է։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց․

«Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»: