Կայացել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը
Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսն ու նրա նշանածը՝ հեռուստահաղորդավար Լորեն Սանչեսը, ամուսնացել են։ Փակ արարողությունը կայացել է հունիսի 27-ին Վենետիկում՝ Սան Ջորջո Մաջորե կղզում, Սան Մարկոյի շրջանում։
Այս իրադարձությանը նախորդել են մի քանի օր տևած տեղաբնակների բողոքները․ վենետիկցիները համոզված են, որ քաղաքը «խլել են» իրենցից։ Վենետիկն առանց այդ էլ տուժում է չափազանց մեծ զբոսաշրջային հետաքրքրությունից. այցելուների մեծ հոսքը նպաստում է բնակարանների գների աճին, տեղաբնակների դուրսմղմանը քաղաքի կենտրոնից և վնասում Վենետիկի ծովածոցի էկոհամակարգին։

Հարսանիքին մասնակցել է շուրջ 200 հայտնի հյուր՝ Քարդաշյանների ընտանիքից մինչև Բիլ Գեյթս։ Ըստ CNN-ի՝ Վենետիկի տուրիզմի նախարարությունը հայտնել է, որ միայն այդ հարսանեկան շաբաթավերջը կարող էր ապահովել քաղաքի տարեկան տուրիստական եկամտի մինչև 68 տոկոսը։
Հարսանիքի ճշգրիտ արժեքը չի հրապարակվել, սակայն ըստ BBC News-ի գնահատման՝ այն կազմել է մոտ 20-ից 50 միլիոն ԱՄՆ դոլար։
Լորեն Սանչեսը կրել է Dolce & Gabbana-ի ժանյակավոր զգեստ, որի ստեղծման համար պահանջվել է 900 ժամ։ Նա լուսանկարիչներին ասել է, որ իրեն արքայադստեր պես է զգում։
