Մամուլ

Կյանքից հեռացել է Վահագն Հայոցյանը

Կյանքից հեռացավ Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, ՀՀՇ վարչության, ապա Հայ ազգային կոնգրեսի վարչության մշտական անդամ, ՀՀ Ազգային ժողովի (1995-1999) պատգամավոր Վահագն Հայոցյանը։ Հայտնում է ilur.am-ը: 

Հրապարակային խոսքով ու հրապարակային գործունեությամբ չէ, որ հայտնի էր Վահագն Հայոցյանը։ Նա ՀՀՇ վարչության գործադիր-քարտուղարն էր ի սկզբանե՝ իր ուսերին կրելով հսկայական այդ կառույցի ներքին կազմակերպական աշխատանքների ահռելի ծանրությունը։ Անթերի էր կատարում այդ գործը, նվիրումով, սիրով ու նախանձելի պատասխանատվությամբ։

Հայոց համազգային շարժման ու Հայ ազգային կոնգրեսի սյուներից էր Վահագնը՝ անթեք, ամուր ու վստահելի։ Երբեք չտրվեց որեւէ գայթակղության. քաղաքական իր համոզմունքներին հավասարկոշտ էին ու անխախտելի նրա բարոյական սկզբունքները։

Վահագն Հայոցյանը մեկն էր այն մի քանի հարյուր, գուցե մի քանի հազար, առանձնացող տեսակով նվիրյալներից, որոնք ապահովեցին, նախ, Ղարաբաղյան շարժման, ապա դրա քաղաքական կառույց ՀՀՇ-ի իշխանության որակները, հենց այդ որակների շնորհիվ գրանցած քաղաքական արդյունքները։Վահագնը հեռացավ կյանքից հանգիստ խղճով, առանց պարտք մնալու զգացողության՝ ամենակարեւորը վերջին այդ ճանապարհից առաջ։

Հայ ազգային կոնգրեսը սգում է սիրելի ընկերոջ, կուսակցական ու քաղաքական գործչի կորուստն ու ցավակցում հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։

Վահագն (Վարդգես) Հայոցյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 17.00-ից 20.00-ը, Դավիթ-Բեկի 83 հասցեում գտնվող «Ռոտոնդա» սգո սրահում, հուղարկավորությունը նույն հասցեից՝ օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ին։

Կիսվել