Պարեկը կին վարորդին ասել է՝ «չերեզ ասֆալտ Ձեզ կտանենք բաժին»․ ահազանգ
«Մեկ ժամ առաջ է դեպքը տեղի ունեցել Իսակովի պողոտայում։ Խնդիրը կապված էր իրավախախտման հետ, որ մեքենաս վարել եմ օրենսդրությամբ սահմանված լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց լրագրող Թագուհի Մելքոնյանը։
Այսօր՝ հուլիսի 24-ին, պարեկային ծառայության լեյտենանտ Նարեկ Ավետիսյանը քաղաքացու հետ ոչ պատշաճ բառապաշարով խոսել և տուգանել է նրան։
Թագուհի Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա իր խախտումը ընդունել է, և իր դիտարկման հիմնական նպատակը ոչ թե տուգանքի չափն է, այլ պարեկի խոսելաձևն ու հարաբերվելն է քաղաքացու՝ առավել ևս կնոջ հետ․
Լրագրողը պարեկի հետ զրույցում նաև ասել է, որ մեքենան գործարանային արտադրության է, և մասնագետը տեղյակ չի եղել, որ թաղանթի խնդիր կա, այլապես կլուծեին։
«Բնականաբար ես առաջին շահառուներից եմ, որ այդ խնդիրը լուծվեր։ Երբ տուգանեցին ես հարցրեցի, թե թե ձեր խնդիրը իրավախախտումը կանխելն է, թե տուգանքով կատարողական ապահովելը, արձագանքեց, որ ոչ մեկ չի կարող իրենց հետ այլ կերպ խոսել` սպառնալով, որ «չերեզ ասֆալտ ձեզ կտանենք բաժին»։
Դրանից հետո հեռախոսս հանեցի, խնդրեցի կրկնել խոսքերը, սակայն ո՛չ կրկնեց, ո՛չ էլ առավել ևս ներողություն խնդրեց նման խոսելաձևի համար»,-եզրափակեց Թագուհի Մելքոնյանը։
Նա զրույցի վերջում նաև հայտնեց, որ հետամուտ կլինի, որ ծառայողական քննություն սկսեն տվյալ պարեկի նկատմամբ։