Կասկածելի պայթյուն Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Կասկածելի պայթյուն Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը և ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է, ով գնացել է սինդրիկ հավաքելու, որտեղ էլ ինչ որ կասկածելի իրի պայթյուն է տեղի ունեցել ու երեխան ստացել է վնասվածքներ։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։