Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Վահագն Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Ապագա խճուղու 15 տան մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լուսինե Ա.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վրաերթի ենթարկվածը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, այսօր առավոտյան գիտակցության չգալով, մահացել է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: