Մամուլ

Երևանում տագնապի ժամանակ որտե՞ղ պետք է պատսպարվեն մարդիկ

MediaHub-ին ահազանգած քաղաքացիները նկատել են, որ ոչ բոլոր շենքերում կա այդ տեղեկատվությունը կամ շատ վայրերում այն վնասված է կամ արդեն հնացած, և չի երևում, թե ինչ է գրված։

2020թ․ 44-օրյա պատերազմից հետո, համահունչ երկրում ձևավորված իրավիճակին, օրակարգային հարցերից մեկը դարձավ հետևյալը՝ որքանո՞վ են Հայաստանի քաղաքները պատրաստ հավանական պատերազմին, թշնամու հարձակմանը: Համայնքապետարանները սկսեցին շտապ ազատել բոլոր այն տարածքներն ու նկուղները, որոնք պետք է ծառայեն որպես ապաստարաններ, մարդկանց սկսեցին իրազեկել այն մասին, թե պատերազմի դեպքում որտե՞ղ կարող են պատսպարվել։ 

Ցավոք, այսօր էլ պետք է հաշվի նստենք իրողության հետ․ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի թշնամիներով շրջապատված, որ զարմանալի չի լինի, եթե օդային տագնապ լսենք կամ պատերազմի մասին գույժ։

2024 թվականն է, բայց ոչ բոլոր համայնքներում կարելի է գտնել ապաստարանների մասին տեղեկատվություն։ Հիմնականում այն պետք է պարունակի ուղեցույց, թե ո՞ւր պետք է մարդիկ գնան տագնապի ժամանակ, ի՞նչ պետք է անեն օդային տագնապի դեպքում տանը գտնվելիս, իսկ եթե մարդիկ չեն հասցրել դուրս գալ շինությունից, ապա որտե՞ղ պետք է պատսպարվեն։ 

MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ե՞րբ կլուծվի այդ հարցը, և արդյո՞ք քաղաքապետարանն ընդհանրապես զբաղվում է այդ հարցով։ «Պարբերաբար թարմացվում են տեղեկատվական թերթիկները, և հիմա էլ դրանով ենք զբաղված։ Այս տարի կպատվիրենք մի քիչ ավելի ուրիշ տեսակի, որ պոկումները և փչացումները չլինեն»,- պատասխանեցին մեզ քաղաքապետարանից։

Իսկ հարցին, թե այն շենքերում, որտեղ չկան այդ տեղեկատվական թերթիկները, արդյո՞ք դրանք կտեղադրվեն, մեզ հավաստիացրեցին, որ միանշանակ կտեղադրվեն. «Ոչ մի տեղ պետք է բաց թողնված չլինեն, ուղղակի մեր քաղաքացիները, չգիտես ինչի, պոկում են, փչացնում են և այլն։ Շուտով կլինի և ոչ թե այդ տեսակի՝ փակցվող, այլ հիմա քննարկում ենք ավելի ամուր հիմքով ինչ-որ բանի վրա տպագրված, որն ուղղակի կձգվի պատերին, ու հնարավորություն չի լինի այն պոկել»։

Մեզ մնում է միայն հույս ունենալ, որ այդ տեղեկատվությունը երբեք մեզ պետք չի գա…

Կիսվել