Դանի Ալվեսը 1 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ արձակվեց բանտից
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը 1 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել բանտից:
Բրազիլացու փաստաբանները մեկ միլիոն եվրոյի չափով գրավ են ներկայացրել Բարսելոնայի դատարան։ Նա կալանքի տակ էր 2023 թվականի հունվարից և կալանքի տակ անցկացրել էր 14 ամիս։
Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Բարսելոնայի դատարանը համաձայնել է Դանի Ալվեսին ազատ արձակել բանտից մինչ բողոքարկումը։ Բացի գրավից, 40-ամյա ֆուտբոլիստը պետք է հանձնի իսպանական և բրազիլական անձնագրերը, որպեսզի չկարողանա լքել երկիրը։ Նա նաև պարտավոր է ամեն շաբաթ ներկայանալ Բարսելոնայի դատարան, որտեղ քննվում է իր գործը:
Նախկինում հաղորդվում էր, որ Ալվեսի ներկայացուցիչներին ստիպել են վարկ վերցնել՝ նրա ազատման համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար։
Փետրվարի 22-ին Դանի Ալվեսը դատապարտվել է չորսուկես տարվա ազատազրկման՝ 2022 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի գիշերային ակումբում կատարված բռնաբարության համար։ Նա նաև պարտավորվել է տուժողին վճարել 150 հազար եվրո՝ արգելելով մոտենալ նրան ինը ու կես տարի։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ֆուտբոլիստի փաստաբանները։
Դանի Ալվեսը «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2016 թվականներին և 2021-ից 2022 թվականներին: Ընդհանուր առմամբ, նա կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 408 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ։
Ալվեսը պատմության մեջ երկրորդ ամենաշատ պարգևատրված ֆուտբոլիստն է. Նա նվաճել է 43 թիմային գավաթ՝ մեկով պակաս, քան «Բարսելոնայի» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին։