Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացավ
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացավ
Shamshyan.com-ի փոխանցամբ՝ այսօր՝ մարտի 20-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է երեկ՝ մարտ 19-ին, Արմավիրի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «LADA Priora»-ի վարորդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութան Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նշված ավտովթարի հետևանքով երեկ մահացած 3 քաղաքացիների ինքնությունը, ինչպես նաև «Lexus»-ի և «LADA Priora»-ի վարորդների ինքնությունը:
Պարզվել է, որ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Բաբկեն Սարոյանը, իսկ «LADA Priora»-ն վարել է այսօր մահացած՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 34-ամյա Տիգրան Մարգարյանը:Երեկ մահացել էին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչներ 39-ամյա Զոհրաբ Գասպարյանը, 35-ամյա Իշխան Արսենյանը և 38-ամյա Խաչատուր Մարգարյանը:
Վերջիններս աշխատանքից վերադառնում էին գյուղ, երբ «Lexus»-ը դեպի Երևան ընթանալիս անցնում է բաժանարար գոտին, կոտրում 2 ծառ և բախվում դեպի Արմավիր ընթացող «LADA Priora»-ին:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Տ. և Խ. Մարգարյանները հորեղբոր տղաներ էին: