Դավիթ Բեկ փողոցում օրենքով գողերի միջև ծեծկռտուք է սկսվել
Դավիթ Բեկ փողոցում օրենքով գողերի միջև ծեծկռտուք է սկսվել
Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում 2023թ․ նոյեմբերի 17-ին կատարված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ Վ․Ա․–ի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, դատարանի որոշմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցությամբ կիրառվել էր գրավը և բացակայելու արգելքը։
Արդյունքում՝ վերջինս, ազատ արձակվելով կալանքից, շարունակել է գործել իր կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման ձևերին։
Մասնավորապես, 2023թ․ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ակտիվ մասնակից Մ․ Շ․–ի և ինքնությունները դեռևս չպարզված մի քանի այլ անձանց հետ, մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու և հավասար հիերարխիկ կարգավիճակ ունեցող Ա․Մ․–ի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում բռնություն և անօրինական այլ գործողություններ են կատարել․ փոխադարձ հարվածներ են հասցրել և քաշքշել միմյանց։
Բացի այդ, պարզվել է, որ Վ․Ա․–ն և Մ․ Շ․–ն ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել «ПM» /Մակարով/ մոդելի ատրճանակ՝ փամփուշտներով՝ նախատեսված «ПM», «AПC», «Байкал 442» մոդելի ատրճանակից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար, իսկ Վ․Ա․–ն՝ նաև առանձնապես խոշոր չափի՝ 1,38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջինիս անձնական, ինչպես նաև ավտոմեքենայում կատարված խուզարկություններով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ Վ․Ա․–ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Վերջինիս կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Մ․Շ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձի և նրա կողմնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու մասով նախաքննությունը շարունակվում է։