Աստծո օգնականությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին․ Աղոթք
Աստծո օգնականությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին․ Աղոթք
Տե՛ր, ողորմի՛ր մեզ։ Տե՛ր, ողորմի՛ր մեզ։ Տե՛ր, ողորմի՛ր մեզ։
Ամենակա՛լ Աստված, բոլոր արարածների՛ Արարիչ, Դու, որ Քո Միածին Որդուն ուղարկեցիր աշխարհ. Նա եկավ ու փրկեց տիեզերքը մեղքից, բժշկեց քո ժողովրդի ախտերն ու հիվանդությունները, հաղթեց մահվանը և մեզ վերափոխեց կյանքի ու անմահության։
Արդ, աղաչում ենք Քեզ, մեր Տեր Աստվա՛ծ, Ամենակարող Աջդ այս հիվանդների վրա պահի՛ր և բժշկի՛ր նրանց ցավերն ու հիվանդությունները, որպեսզի Քե՛զ փառաբանեն, հոգու և մարմնի Բժի՛շկ, և հավատով խոստովանեն ահեղ Աստվածությունդ, և Քեզ վայել են փառք ու իշխանություն, հավիտյանս հավիտենից. ամեն։
Աստծո խաղաղությունն ամենքին
Հավիտենական Աստված, Դու իջար երկրի խորխորատը և Քո արարածների վրա շնորհներ սփռեցիր։ Քո սուրբ առաքյալներին ուղարկեցիր և նրանց Քո ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները բժշկելու հրաման տվեցիր։
Եվ այժմ, ես Քո ահեղ Աստվածությանն եմ դիմում և հայցում Քո ամենառատ բարերարությունը։ Ուղարկի՛ր ամենակարող զորությունդ և բժշկի՛ր Քո այս ծառաների ախտերն ու հիվանդությունները՝ հաղթական Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկության տկարությունները և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թշնամուն։
Արդ, Դո՛ւ ես մեր Աստվածն ու մեր՝ Քո ծառաների հոգու և մարմնի բժիշկը և մեր բոլոր հիվանդությունների ու ցավերի սպեղանին։ Եվ Քեզ, Ամենակալ Հորդ և Ճշմարիտ Սուրբ Հոգուդ հետ, վայել են փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։