Վանաձորում նախկին ամուսինը կացինով հարվածել է կնոջը․ բժիշկների շնորհիվ կինը փրկվել է
Վանաձորում նախկին ամուսինը կացինով հարվածել է կնոջը․ բժիշկների շնորհիվ կինը փրկվել է
Shamshyan.com-ը հայտնում է․ Երեկ՝ հունվարի 2-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արմինե Խ․-ն է։
Ոստիկաններրը օպերատիվ տվյալներով պարզել են նաև, որ նրան տանը կացինով հարվածել է նախկին ամուսինը՝ Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արեն Փալանջյանը։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արման Գալստյանի, Դավիթ Ղազախեցյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վահան Այվազյանի, Տիգրան Թադևոսյանի, Արմեն Գևորգյանի, Հայարփի Սահակյանի եւ Գագիկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկում, երբ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին ամուսինների միջև, որի ժամանակ էլ Ա․ Փալանջյանը կացինով հարվածել է Արմինե Խ․-ի կրծքավանդակին, ապա ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Ոստիկանները օպերատիվ գործողութունների արդյունքում հայտնաբերել են Ա․ Փալանջյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։