Ինչպես էին հայերը նախկինում տոնում Ամանորը
Ինչպես էին հայերը նախկինում տոնում Ամանորը
Նախկինում հայերի ամանորյա սեղանը շատ ավելի «պասային» էր՝ հիմնականում ուտում էին լոբով և ավելուկով աղցաններ, փոխինձով քաղցրավենիք։ Որոշ գյուղերում նաև հնդկահավ էին ուտում։
Կարևոր տեղ էր զբաղեցնում հացը։ Մեծ ժողովրդականություն էին վայելում նաև անուշապուրը, աղանձներն ու չրեղենը։ Կար կարծիք, որ նախորդ տարվա բերքից մնացած բաները սեղանին դնելը հաջորդ տարվա բերքառատությանը կնպաստի։
Ինչ վերաբերվում է ամանորյա խորհրդին, դարեր շարունակ Հայաստանում Ամանորն ասոցացվում էր ամեն ինչ նորից սկսելու հետ և մարդիկ բոլոր վատ սովորությունները և էմոցիաներն աշխատում էին անցյալում թողնել, ազատվել դրանցից, իսկ Նոր տարում իրենց հետ միայն ամենալավ բաները տանել։
Որոշ գյուղերում Ամանորը կրակի շուրջն էին տոնում, քանի որ կրակն էլ է իր՝ մաքրելու, ոչնչացնելու հատկությամբ հայտնի։
Խոր անցյալում հայոց նախնիները Նոր տարին՝ Կաղանդը տոնել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:
Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում։
Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: «Ամանորը» բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ Նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: