Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. հսկայական քարերը թափվել են էքսկավատորի վրա․ վարորդը տեղում մահացել է
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. հսկայական քարերը թափվել են էքսկավատորի վրա․ վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեցի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի քարհանքում հսկայական քարերը պոկվել և թափվել են էքսկավատորի վրա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնում: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 50 և թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Սիմոնյանն ու Տիգրան Ավոյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյան ու ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
Պարզվել է, որ «Յութան» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքում է դեպքը տեղի ունեցել, ու արդեն փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են էքսկավատորի խցիկի միջից դուրս բերել մահացածի մարմինը:
Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզայինն քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Գ.-ն է: