Մամուլ

Նա կեղծ ու ցուցամոլ կին է և չի կարող ցավ ապրել որևէ մեկի համար. Սոֆյա Հովսեփյան. «Հրապարակ»

Նա կեղծ ու ցուցամոլ կին է և չի կարող ցավ ապրել որևէ մեկի համար. Սոֆյա Հովսեփյան

Hraparak.am-ը գրում է․ «2020 թվականից մինչ օրս Հայաստանի գլխից պատերազմը կախված է: Մենք բոլորս շատ լավ հիշում ենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Ադրբեջանը լայնածավալ գործողություններ սկսեց Հայաստանի դեմ: Ամենօրյա ռեժիմով Հայատանի Հանրապետությունը վտանգի տակ է», – այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Հովսեփյանի կարծիքով՝ Հայաստանի ամենամեծ վտանգն այսօր Նիկոլ Փաշինյանն է` իր թիմով հանդերձ. «Իշխանություններն այս իրավիճակն անընդհատ արդիական են պահում և այս ամենի ֆոնին իշխանություն կոչվածը դեռ խաղաղության մասին է խոսում:

Իրական խաղաղությունն այլ է, իսկ ահա իշխանությունների պատկերացրած խաղաղությունը հավանաբար հենց սա է: Ինչպե՞ս կարող է խաղաղությունը կռացած լինել և թշնամու կողմից այսպես հարստահարված: Հավանաբար սադիզմն այն աստիճանի է հասել, որ այս իշխանությունները կարծում են՝ սա է մեր միակ փրկությունը, բայց ահա ադեկվատ մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում իրականում»,- նշեց նա:

Նախկին պատգամավորի պնդմամբ՝ այս օրհասական վիճակը կարող է փոխվել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի. «Այս իշխանությունն է պատերազմական վիճակի ստեղծողը, հետևաբար պետք է հեռանա: Հայաստանում պետք է անիշխանության վերջը դնել: Մեր երկիրը բարդ ու ռիսկային իրավիճակում է հայտնվել ու ամեն օր կա պատերազմի վտանգ:

Հայաստանի Հանրապետության սուվերենությունը վտանգի տակ է: Իշխանությունները ոչինչ չեն անում, զբաղված են մարդկանց ուշադրությունը շեղելով միայն՝ համերգներ են տալիս, քաղաքապետ են ընտրում և այլն, և այլն», – նշեց մեր զրուցակիցը:

Նա նաև անդրադարձավ Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա կատարած այցին, պնդելով հետևյալը. «Այդ տիկինը կրկին փորձում է այնպես անել, որ ողջ համացանցն իրեն քննարկի: Արցախցիների մասին խոսում է արհամարհանքով, սակայն մեկնում է Ուկրաինա՝ օգնություն ցուցաբերելու: Ոչինչ չի խոսում արցախցի փոքրիկների մասին, փոխարենն օգնում է այլոց: Նա կեղծ ու ցուցամոլ կին է և չի կարող ցավ ապրել որևէ մեկի համար:

Նման շոուներով փորձում են այդ կնոջ վարկանիշը բարձրացնել, բայց եթե մի մարդ չի ապրումակցում իր սեփական ժողովրդին, չի կարող մտահոգվել այլոց համար», – եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը:

Կիսվել