Մամուլ

Առեղծվածային ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ նախիրը վերադարձել է, իսկ նախրապանի դին հայտնաբերել է քրոջ որդին

Առեղծվածային ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ նախիրը վերադարձել է, իսկ նախրապանի դին հայտնաբերել է քրոջ որդին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Հայկ Պ․-ից, ով հայտնել է, որ իրենց նախրապան, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Մերուժան Հ․-ի հետ կապ հաստատել չի լինում, մինչդեռ նախիրը վերադարձել է առանց նրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Մերուժան Հ․-ն առավոտյան դուրս է եկել խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելու նպատակով, իսկ երեկոյան անասուններին վերադարձնելու ժամանակ ինքը չի վերադարձել։

Նրա քրոջ որդին՝ տեսնելով, որ քեռին տուն չի վերադարձել, ժամը 19։30-ի սահմաններում սկսել է որոնողական աշխատանքներ կատարել և Կոճոռ թաղամասի «Հին այգիներ» կոչվող հատվածում հայտնաբերել է նրա դին՝ գետնին պառկած վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ կրծքավանդակի և ոտքերի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ վերքերի տեսքով, որն էլ ըստ՝ Վրեժ Չ․-ի հայտնածի՝ առաջացել են ցուլի հարվածներից։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել