«Արշակ Հակոբյանը ձեռք է բերել այդ մեքենաներն իմ ցուցումով, իմ համար». Վլադիմիր Գասպարյան
«Արշակ Հակոբյանը ձեռք է բերել այդ մեքենաներն իմ ցուցումով, իմ համար». Վլադիմիր Գասպարյան
Aravot.am-ը գրում է․ Հակակոռուպցիոն դատարանում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի գործով դատական նիստի ընթացքում ապրիլի 19-ին հարցաքննվեց Վլադիմիր Գասպարյանը։
Հիշեցնենք՝ դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել էր Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։
Արշակ Հակոբյանը մեղադրվում է, որ 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ՝ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:
Արշակ Հակոբյանի փաստաբան Զորայր Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վլադիմիր Գասպարյանն այսօր ցուցմունք տալով հայտնել է այն, ինչ նախաքննության ժամանակ։ Մանրամասնելով փաստաբանն ասաց․
«Արշակ Հակոբյանի դեմ քրեական գործով միայն մեկ խնդիր ունենք, որ փաստացի նույն հանգամանքները դատախազությունը շատ ծայրահեղացված՝ այլ կերպ է մեկնաբանում ու փորձում անգամ հօգուտ Արշակ Հակոբյանի ցուցմունքները ներկայացնել այնպիսին, ինչպիսին մեղադրանքը հաստատող ցուցմունքը։
Որպես օրինակ՝ պարոն Գասպարյանը մեղադրական եզրակացությամբ դատակոչված վկաների ցանկում էր, այսինքն՝ կարելի է դասել մեղադրանքի վկաների շարքին, բայց նա եկավ, ըստ էության արդարացման ցուցմունք տվեց պարոն Արշակ Հակոբյանի վերաբերյալ:
Ըստ դատախազության՝ պարոն Գասպարյանի կինը գրանցված է եղել ոստիկանությունում՝ որպես աշխատող։ Փաստացի չի աշխատել, բայց ստացել է աշխատավարձ, այդ աշխատավարձն ըստ դատախազության՝ հանցավոր ճանապարհով ձեռքբերված եկամուտ է, որը ըստ դատախազության՝ պարոն Գասպարյանի կինը տարիների ընթացքում չի ծախսել՝ կուտակել է, հետո փոխանցել է պարոն Գասպարյանին, որպեսզի պարոն Գասպարյանն էլ փոխանցի Արշակ Հակոբյանին, որ նա այդ գումարներով ենթադրաբար «Ավանգարդ մոթորսից» երկու մեքենա ձեռք բերի։
Երևի հասկանում եք, որ ոստիկանության աշխատողի՝ պետական աշխատողի անգամ տասը տարվա աշխատավարձը չի կարող բավարարել նրան, որ անգամ ամենաէժան մեքենան «Ավանգարդ Մոթորսից» ձեռք բերվի։
Պարոն Գասպարյանն այդ ամենի վերաբերյալ ցուցմունք տալով՝ նշեց, որ նախ, բնականաբար, Արշակ Գասպարյանը ձեռք է բերել այդ մեքենաներն իր ցուցումով, իր համար, այսինքն՝ դրանք եղել են իրենը, մեքենաների ձեռք բերման հետ իր կինն ու նրա եկամուտները որևէ առնչություն չունեն ու գումարների մասին, թե ինչ գումարներով է ձեռք բերվել, պարոն Գասպարյանը նշեց, որ այլ գույք է ունեցել, որը վաճառել է և մի փոքր գումար է վրան ավելացրել և այդ մեքենաներն է ձեռք բերել ու դրամական ազատ միջոցներ է ունեցել, բայց, այնուամենայնիվ, որևէ դեպքում Արշակ Հակոբյանը որևէ տեղեկացվածություն այդ մասին, թե իրեն ինչ գումար է տրվել, չի ունեցել և չէր էլ կարող ունենալ։
Այսինքն՝ Արշակ Հակոբյանին մեծ հաշվով ուղղակի գումարը պարոն Գասպարյանը փոխանցել է, ասել՝ գնա, այսինչ տեղից, այսինչ բանն առ, բեր։
Իսկ թե ինչ գումար, որտեղից պարոն Հակոբյանը մինչև այսօր էլ տեղյակ չէ, և այդ հարցին կարող է պատասխանել մեծ հաշվով միայն պարոն Գասպարյանը։ Ինքն էլ իր վերաբերյալ քրեական գործով պատասխանում է սպառիչ տեղեկություններով»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում